Դավիթ Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Միրզոյան | |
---|---|
Ի ծնե | Դավիթ Միրզոյան |
Ծնվել է | 1961 |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Դավիթ Միրզոյան (1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Միրզոյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ 1983 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է Արտաշավան գյուղի ութնամյա դպրոցում որպես կերպարվեստի ուսուցիչ, նաև Երևանում՝ որպես արդյունաբերական դիզայներ, գծագրող։ 1986 թվականից Դավիթ Միրզոյանն աշխատել է Հայաստանի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում որպես նկարիչ ձևավորող, այնուհետև որպես ինտերիերների ձևավորող։ 1984 թվականից սկսած Դավիթ Միրզոյանը եղել է Հայաստանի նկարիչների միության կողմից պարբերաբար կազմակերպվող պլակատի մրցույթների հաղթող և ցուցահանդեսների մասնակից։ 1988 թվականին Դավիթ Միրզոյանը դարձել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ նկարիչների միության երիտասարդական սեկցիայի անդամ։ Դավիթ Միրզոյանը ղարաբաղյան շարժման հենց սկզբից եղել է շարժման ակտիվ մասնակից։ 1988 թվականին հանդես է եկել իր հանրահայտ պլակատով՝ «Եթե Ղարաբաղը պարտվի՝ այս վերջին պատառը ևս կուլ կգնա», որն անմիջապես լայն ճանաչում է գտել միլիոնավոր հայերի շրջանում և նույն թվականին տպագրվել սփյուռքահայ մամուլում։
1990-1991 թվականներին Դավիթ Միրզոյանի պլակատները տեղ են գտել սովետահայ հանրահայտ պարբերականներում։ 1996 թվականից սկսած Բելգիայում իր մի քանի անհատական ցուցահանդեսներից հետո Դավիթ Միրզոյանը 1998 թվականին ընդունվել է Բելգիայի Թագավորական նկարիչների միության անդամ։ 2004 թվականին Դավիթ Միրզոյանը ԱՄՆ-ում ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը մագիստրոսի աստիճանով արվեստի ու արվեստի տեսության գծով։ Համալսարանն ավարտելուց հետո Դավիթ Միրզոյանը եղել է դիմանկարի և ֆիգուրատիվ արվեստի մի շարք ցուցահանդեսների մրցանակակիր։
Դավիթ Միրզոյանը նաև արվեստին նվիրված հետազոտությունների, ակնարկների ու հոդվածների, նաև մի շարք քառյակների հեղինակ է[1]։
Հայրենիքի անմխիթար վիճակին Դավիթ Միրզոյանն արձագանքել է բազմաթիվ ուսումնասիրություններով, հոդվածներով, ակնարկներով ու աֆորիզմներով։ Դավիթ Միրզոյանը երկար է մտորել մեր ազգային խնդիրների շուրջ, այդ խնդիրների հիմնական պատճառն ու լուծումը գտնելու համար։ Տարիների մաքառումներից հետո Դավիթ Միրզոյանը բացահայտել և իր հոդվածներով ներկայացրել է ազգային ուսմունքի բացակայությունը որպես մեր ազգային բոլոր խնդիրների հիմնական պատճառ և առաջարկել միապետական կառավարման վերականգնումն ու ազգային ուսմունքի սերմանումը որպես միակ լուծում։ Դավիթ Միրզոյանը տարիների իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմել և 2012 թվականին հրապարակել է Արարչական օրենքների հիմնարար դրույթներն ու Հայաստանի թագավորության ազգային Սահմանադրությունը, իր դրոշով, զինանշանով և օրհներգով։ 2013 թվականին Դավիթ Միրզոյանը գրել է ապագա միապետական Հայաստանը, ազգային ուսմունքի կարևորագույն դրույթներն ու Համայն Հայոց Արքայի կերպարը ներկայացնող «Վերածնունդ» վեպը։ Այն տպագրվել է 2014 թվականին, վերահրատարակվել՝ 2016 թվականին[2]։ 2015 թվականին լույս է տեսել Դավիթ Միրզոյանի «Հոդվածներ, ակնարկներ, աֆորիզմներ» ժողովածուն[3]։ 2019 թվականին տպագրվել է Դավիթ Միրզոյանի «Վերածնունդ» վեպի շարունակությունը՝ երկրորդ հատորը։
Դավիթ Միրզոյանը շարունակում է հանդես գալ համացանցում ազգային խնդիրների շուրջ իր հոդվածներով, ակնարկներով, աֆորիզմներով ու գրառումներով։ Մոտ ապագայում Դավիթ Միրզոյանը ծրագրում է տպագրել իր ուսումնասիրությունների, հոդվածների, ակնարկների ու աֆորիզմների համալրված ժողովածուն (ավելի քան 750 էջ)։ Դավիթ Միրզոյանի քառյակներն ու բանաստեղծությունները հետագայում կտպագրվեն առանձին գրքույկով կամ կընդգրկվեն «Հոդվածներ, ակնարկներ, աֆորիզմներ» համալրված ժողովածուի մեջ։